ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսին կլինի ԳՁ սննդամթերքի ազդեցությունը մարդու վրա 20-50 տարի հետո»

«Դեռևս հայտնի չէ,  թե ինչպիսին կլինի ԳՁ սննդամթերքի  ազդեցությունը մարդու վրա 20-50 տարի հետո»
02.06.2015 | 10:52

ԱԺ-ում երկրորդ քննարկմանն է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փաստաթուղթը, որում ներառվել են ԳՁՕ-ներից առաջացող ռիսկերի կառավարումը, գնահատումը, զգուշավորության ընդհանուր մոտեցումները, անսպասելիորեն ծագած հետևանքներն ու դրանց վրա հսկողության իրականացման ձևերը, արդեն քննարկել և ամրագրել են շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:
Նախագծով սահմանվել են կենսաանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները, մեխանիզմները` դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու նպատակով: Նախագծում նշվել են նաև կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող պետական և կառավարման մարմինների, ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվող իրավաբանական, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև համապատասխան մասնագետների իրավունքները, պարտականություններն ու սկզբունքները:
Գաղտնիք չէ, որ վերջին երկու տասնամյակում Հայաստան է ներկրվում ԳՁՕ-ների մշակումից ստացված արտադրանք (սննդամթերք, կերեր և այլն): Հայաստանը ինչքանո՞վ է պաշտպանված դրանց անվերահսկելի օգտագործումից, պարտադի՞ր է արդյոք ներկրված այդ սննդի օգտագործումը, ինչքանո՞վ է տվյալ սնունդը համապատասխանում ՀՀ-ում գործող սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին: Այս և ներքոնշյալ հարցերը պարզաբանելու նպատակով զրուցեցինք Հայաստանի ագրարային համալսարանի սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր ԱՍՏՂԻԿ ՓԵՓՈՅԱՆԻ հետ:

-Ե՞րբ են ստեղծվել ԳՁՕ-ները, և դրանց կիրառումը տնտեսության մեջ ե՞րբ է սկսվել:
-Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները (ԳՁՕ) ստեղծվել են 1980 թվականի սկզբներին` գենային ինժեներիայի ճանապարհով բույսի կամ կենդանու օրգանիզմի բջջի մեջ արագ ու արմատական եղանակով ներթափանցող օտար հատկանիշներով գեներ տեղակայելուց հետո: Վերջիններս վերափոխելով բջջի գենետիկ, ժառանգական և մոլեկուլյար կառուցվածքը` դրանց տվել են անհրաժեշտ, ցանկալի ուղղության հատկանիշներ` դարձնելով բույսը 4-5 անգամ ավելի բերքատու, կենդանուն էլ` նույնքան մթերատու:
Օրինակ` գենետիկական ինժեներիայից արկտիկական տափակաձկան (կամբալա¤ գենը պոմիդորի մեջ ներդնելուց հետո ստացվել է ցրտադիմացկուն պոմիդորի տեսակ, իսկ կոլորադյան բզեզի գենը կարտոֆիլի մեջ տեղակայելուց հետո ստացվել է վնասատուների և հիվանդությունների նկատմամբ դիմացկուն կարտոֆիլ: Բարձր մթերատվությամբ օժտված խոզ է ստացվել մեդուզայի գենը սովորական խոզի օրգանիզմի մեջ ներդնելուց հետո:
Այսօր մեծ տարածում ունեցող ԳՁՕ-ներից են գենետիկորեն ձևափոխված բրինձը, սոյան, եգիպտացորենն ու բամբակը: ԳՁՕ-ների միջոցով կարելի է ստանալ և արտադրել արժեքավոր դեղամիջոցներ պարունակող բույսեր, արագաճ ծառեր, թփեր, ծաղկատեսակներ:
-Ի՞նչը պատճառ կամ հիմք հանդիսացավ ԳՁՕ-ների ստեղծման և արագ կիրառման համար:
-ԳՁՕ-ների ստեղծման և արագ կիրառման հիմնական պատճառը աշխարհի բնակչության թվի տարեկան 1,5 տոկոսով աճն է, որին զուգահեռ բնակչությանը սննդով բավարարելը գնալով ավելի դժվարանում է դառնում: Ենթադրվում է, որ 2050 թվականին այդ ցուցանիշը կհատի 9 միլիարդի սահմանագիծը, որի ժամանակ երկրագնդի մակերեսի մոտ 1/2-ը կզբաղեցնեն անապատներն ու անջուր հողատարածքները:
Մյուս պատճառը կլիմայական փոփոխությունները, երաշտը, ցրտահարությունները, աղային սթրեսներն ու վնասատուներն են, որոնք, մեծապես վտանգելով գյուղատնտեսությունը, բույսերի բերքատվությունը կրճատում են ավելի քան 50 տոկոսով, ինչի արդյունքում ի հայտ է գալիս և առկա է դառնում բնակչությանը սննդով ապահովելու գլոբալ պրոբլեմը:
Վերջին երկու տասնամյակում ի հայտ եկած գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները նպատակաուղղված են աճող բնակչության սննդամթերքի պահանջարկը բավարարելուն, քանի որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, սննդամթերքի պակասից առաջիկայում որոշ երկրներում սովն անխուսափելի կլինի:
Գենետիկորեն ձևափոխված (ԳՁ), գենետիկորեն մոդիֆիկացված (ԳՄ), կենդանի վերափոխված (ԿՎ) կամ գենետիկորեն փոփոխված (ԳՓ) միևնույն իմաստը կրող օրգանիզմները` նոր, մարդու համար ցանկալի հատկություններով օժտված այն օրգանիզմներն են (մանրէ, բույս, կենդանի), որոնք ստացվել են գենետիկական ինժեներիայի օգնությամբ բջիջ կամ օտար ցանկալի հատկանիշներով գեն ներմուծելուց հետո: Այս ճանապարհով (կամ գենետիկական ինժեներիայի միջոցով) կարելի է կլիմայափոփոխությունների և երաշտի ժամանակ զգալիորեն բարձրացնել նաև բույսերի բերքատվությունը և դիմադրողականությունը բույսի վնասատուների նկատմամբ: Նույն ձևով կարելի է ավելացնել նաև կենդանու մթերատվությունը:
Լինելով միաբջջիջ կամ բազմա-բջիջ՝ ԳՁՕ-ները օժտված են նաև գենետիկ ժառանգական նյութը փոխանցելու և վերարտադրելու հատկությամբ: Դրանք կայուն են նաև հիվանդությունների, վնասատուների հանդեպ և միաժամանակ երկար են պահպանում իրենց ապրանքային տեսքն ու սննդային հատկանիշները:
-Իսկ ի՞նչ կասեք այդ օրգանիզմներից ստացված սննդամթերքի մասին:
-Նույնպես գենետիկորեն ձևափոխված, քանի որ ստացվում են օտար գենի ավելացման, գեների համակցման, ինչպես նաև ԳՁՕ-ների կենսագործունեության արդյունքում:
ԳՁՕ են համարվում նաև սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված կամ դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքները:
-ԳՁՕ-ները կիրառվո՞ւմ են առողջապահության ոլորտում:
-ԳՁՕ-ների օգտագործումը այսօր կարևորվում է նաև առողջապահության ոլորտում: Օրինակ, ցողունային բջիջների տեխնոլոգիայի զուգակցումը ռեկոմբինանտ ԴՆԹ մեթոդների հետ կարող է թույլ տալ լաբորատոր պայմաններում ցանկալի գեն ներմուծելով ձևափոխել հիվանդից ստացված ցողունային բջիջները: Այս ճանապարհով ԳՁ բջիջների ներմուծումը հիվանդի օրգանիզմ, օրինակ, կարող է բուժել հիվանդությունն առանց համապատասխան դոնորի:
ԳՁՕ-ների օգտագործման մեկ այլ ուղղության, օրինակ` ԳՁ մոծակների միջոցով, գիտնականները հույս ունեն իսպառ վերացնելու մալարիան` առանց օգտագործելու խիստ վտանգավոր այնպիսի նյութեր, ինչպիսին է ԴԴՏ-ն:
-Այնուամենայնիվ, զարգացող այն երկրներում, որտեղ սննդի պակաս կա, մարդիկ մեծ մասամբ վախենում են այդ մթերքի օգտագործումից: Ինչո՞ւ:
-Կարծում եմ՝ վախի պատճառը ԳՁՕ-ների վերաբերյալ հակասական տեղեկություններն են և ոչ բավարար գիտական հետազոտությունները: Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսին կլինի ԳՁ սննդամթերքի ազդեցությունը մարդու վրա 20-50 տարի հետո, կամ ինչ ազդեցություն կգործի այն շրջակա միջավայրի և հետագա սերունդների առողջության վրա:
Ներկայումս, ԳՁՕ-ների օգտակար հատկությունների հետ միաժամանակ, լայնորեն քննարկվում են դրանց բացասական ազդեցությունները, օրինակ` ալերգիաների լայն տարածում, արյան անոթների հնարավոր ախտահարումներ և այլն:
-Ե՞րբ է սկսվել ԳՁՕ-ների ներկրումը Հայաստան:
-1990-ական թվականներին: Առաջինը մարդասիրական հիմունքներով անվճար տրամադրվող սերմացու կարտոֆիլն էր, որին հետագայում միացան տոմատի տարատեսակները, արագաճ բարդիները, տնկիները, պահածոյացված եգիպտացորենը, օսլան և այլն: Այսօր էլ տարերայնորեն Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ սննդամթերք, որը լայնորեն սպառվում է ներքին շուկայում: Նշենք, որ սննդամթերքի մեջ ԳՁՕ-ների պարունակության մասին պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա, քանի որ չկա օրենսդրական կարգավորում:
Մինչդեռ եվրոպական երկրներում սննդամթերքի մեջ եղած դրա 0,9 տոկոսից բարձր քանակը մակնշվում է: Հայաստանը, որը հազվագյուտ և էնդեմիկ մշակաբույսերի հայրենիք է, անկառավարելի ձևով ներմուծելով գենետիկորեն վերափոխված սերմ և տնկանյութ, հնարավոր վտանգի է ենթարկում իր բնության անաղարտությունն ու պահպանությունը:
-Այսի՞նքն:
-Նշված գործոնը չի բացառվում այն գլխավոր պատճառով, որ այդ կենդանի օրգանիզմներում (և մթերքների մեջ եղած) պահպանվում է փոփոխված ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթուն), որը վերարտադրվում է, ընդունակ է սերունդներին փոխանցելու ձեռք բերած, ոչ բնական ժառանգական գենետիկական նյութը: Այսինքն, երբ բույսի մեջ ներմուծվում է բակտերիայի գեն, իսկ միջատի մեջ՝ ձկան, դրանք անսպասելի ազդեցություն կարող են ունենալ բջջի մնացած գեների վրա։ Առանձին դեպքերում այն կարող է նկատելի լինել անմիջապես, իսկ այլ դեպքերում՝ անկանխատեսելի հետևանքները կարող են ի հայտ գալ նաև մի քանի սերունդ հետո: Անցանկալի նորամուծությանը կարող է յուրովի արձագանքել նաև ինքնին ամբողջական գործող օրգանիզմ համարվող բնությունը:
Սակայն, այսպես թե այնպես, ԳՁՕ-ների գոյությունն արդեն իրողություն է նաև Հայաստանում: Կարծում եմ, որ ամեն դեպքում, եթե մեր երկիրը սննդամթերքի առումով, ինքնաբավ, հզոր երկիր լիներ, պետությունը թույլ չէր տա, որ ցանկացած անհայտ ծագմամբ, չստուգված, նորահայտ սննդամթերք ներմուծվեր Հայաստան:
-Ինչքա՞ն են ԳՁՕ-ների մշակված տեսակները գյուղատնտեսության մեջ:
-Այսօր ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Ավստրալիայում, Չինաստանում, Մեքսիկայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում, Պորտուգալիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում կան ԳՁՕ-ների ավելի քան 120 մշակված տեսակներ (սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, պոմիդոր, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ): Աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բնակիչների զգալի մասն այդ մասին անտեղյակ լինելուց բացի, պատկերացում անգամ չունի դրանց օգտագործումից առաջ եկած հնարավոր հետևանքների մասին, քանի որ չկա համապատասխան տեղեկատվություն` օգտագործվող սննդի մեջ եղած վերոհիշյալ տարրերի, դրանց պիտանիության և օգտակարության վերաբերյալ: Այդ խնդիրը համապատասխան օրենքով կարգավորելու նպատակով դեռևս 2000 թվականից տագնապի ազդանշան են հնչեցրել Առողջապահության համաշխարհային (ԱՀԿ) և միջազգային բնապահպանական մի շարք կազմակերպություններ:
Այս ուղղությամբ 2000 թվականին Մոնրեալում 130 երկրների կողմից ստորագրվել է «Կենսաանվտանգության վերաբերյալ Կարթագենյան արձանագրությունը», որում, ԳՁՕ-ների տեղափոխման միջազգային կանոններից բացի, սահմանվել են դրանք արտադրող, գնող, ներկրող երկրների առևտրային հարաբերությունները:
Պետությունների վտանգման դեպքում նշված արձանագրությամբ թույլատրվում է կիրառել նախազգուշական միջոցներ` արգելելով ԳՁՕ-ների ներկրումը: Բացի դրանից, մի շարք երկրներ, ըստ Եվրոպայի խորհրդի հրահանգի, որոշում են ընդունել սննդի մեջ ԳՁՕ-ի 0,9 տոկոսի պարունակության դեպքում մակնշել այն: Սակայն, չնայած դրան, արտահանող երկրները (հիմնականում ԱՄՆ-ը, Կանադան) Եվրախորհրդի վրա մեծ ճնշում են գործադրում` պահանջելով չմակնշել մթերքը:
-«Կենդանի վերափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Հայաստանը ինչքանո՞վ պաշտպանված կլինի ԳՁՕ-ների ներմուծումից և անվերահսկելի օգտագործումից:
-Կարծում եմ` ԳՁՕ-ների վերաբերյալ օրենքը որոշակիորեն կնպաստի կարգավորելու նման իրավիճակը: Օրենքի ընդունումից հետո, որը հիմնված է ԳՁՕ-ների վնասակար ազդեցությունը կանխարգելող վերոնշյալ արձանագրության վրա, կկանոնակարգվեն այդ օրգանիզմների և դրանցից ստացված մթերքների ներմուծման, իրացման, օգտագործման, մշակման, պահման, տեղափոխման, արտահանման և անդրսահմանային անվտանգ ոչնչացման վերաբերյալ գործառույթները:
Օրենքով կկարգավորվի նաև ՀՀ-ում արտադրվող ԳՁ բույսերի, կենդանիների և սերմերի շրջանառությունը: Նախատեսվել է, որ փաստաթղթում նախանշվեն նաև ԳՁՕ-ներում կատարված ձևափոխումների դրական ու բացասական ազդեցության գիտականորեն հիմնավորված ռիսկերը: ՀՀ ներկրված կամ ստացված ցանկացած կենդանի օրգանիզմ, որը կենսատեխնոլոգիաների ստացման շնորհիվ ձեռք է բերել գենետիկ նյութի նոր համակցություն` դառնալով ԳՁՕ, կենթարկվի օրենսդրական կարգավորման:
Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը եվրոպականին ներդաշնակեցնելու նպատակով կկանոնակարգվեն նաև ԳՁՕ սննդամթերքի վերաբերյալ տեղեկատվության պարտադիր մակնշումը ամրագրելու մասին նորմերն ու ընթացակարգը: Համաձայն դրա, սննդամթերքի բաղադրության մեջ ԳՁՕ-ի պարունակությունը 0,9 տոկոսից բարձր լինելու դեպքում հայերենով պարտադիր կմակնշվի` սպառողներին տալով սննդամթերքի գիտակցված ընտրություն կատարելու հնարավորություն: Բացի դրանից, կկարգավորվեն այդ օրգանիզմների ստացման, փորձարկման, անվտանգ փոխանցման, օգտագործման մեխանիզմները, իսկ մեկուսացված համակարգերում` օգտագործման և ռիսկի գնահատման վերաբերյալ գործողությունները: Կսահմանվեն նաև գործողության ոլորտները, կենսաանվտանգության նպատակը, խնդիրները, սկզբունքները, ոլորտում գործող անձանց իրավունքները, կարգավորման ենթակա իրավահարաբերությունները, պարտականություններն ու նրանց նկատմամբ կիրառվող պահանջներն ու սահմանափակումները: «Կենդանի վերափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքում նախանշվել են նաև որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցության և տեղեկատվության տրամադրման մատչելիության խնդիրները:
Ասեմ, որ օրենքի հետ կապված հարցադրումները կարծես թե բավարար են, մեզ ավելի շատ մտահոգում են օրենքի կիրառումն ու վերահսկումը, որի համար նախ և առաջ մեզ պետք են մասնագետներ և համապատասխան մասնագիտական ու գործող լաբորատորիաներ, որոնք չեն ունենալու միայն «ստրիպային վերլուծության» մակարդակ:
Հաշվի առնելով ներկրումները, որոնց վերահսկումը ավելի բարդ է հարևան երկրների հետ առևտրի իրականացման պայմաններում, կարծում եմ, մենք պարտավոր ենք նաև լավ իրազեկ լինել այդ երկրներում գոնե այդ ուղղությամբ կատարվող գիտակիրառական հետազոտություններին (ի վերջո, մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ երկրներից ներկրված, անհայտ ծագմամբ սննդամթերք):
Այս առումով մենք նախկինում ունեինք լավ հնարավորություններ, ինչպես նաև ուսանողներ և ասպիրանտներ հարևան երկրներից, ովքեր ընդգրկված էին այդ կարգի գիտահետազոտական աշխատանքների մեջ: Հետազոտություններն իրականացնելով իրենց տարածքում, «չվնասելով» մերը, վերջիններս հայաստանյան այդ ոլորտի ղեկավարներին նշված աշխատանքների մասին տեղեկացնելուց բացի, դրանցում ընդգրկում էին նաև մեզ` գիտնականներիս: Ցավոք, կարծես թե ոչ ճկուն գիտաքաղաքականության պատճառով մենք զրկվեցինք այդ հնարավորությունից` չունենալով հետագա հետազոտությունների համար համապատասխան գումար և հնարավորություն: Այլ հարց էր, իհարկե, գիտական պաշտպանությունների որակի բարձրացումը։


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 4421

Մեկնաբանություններ